Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ինչպե՞ս է Մայք Պոմպեոն փրկելու պետդեպարտամենը

Ինչպե՞ս է Մայք Պոմպեոն փրկելու պետդեպարտամենը
16.03.2018 | 04:16

2016-ի նախագահական ընտրություններից 2 օր հետո ես ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության անդամների ժողով հրավիրեցի: Դիվանագետները ցնցված էին` նախագահը խոստացել էր հրաժարվել միջազգային ասպարեզում մեր ձեռքբերումների մեծ մասից` գրում է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը` The New York Times-ում: Նրանցից շատերը, ինչպես բազմաթիվ ամենաընդունակ դիվանագետները, հեռացան պետական ծառայությունից: Ծաղրված իբրև «Օբամայի ժամանակների վերապրուկներ» և ի վիճակի չլինելով պաշտպանել քաղաքականությունը, որ այդքան կտրուկ տարբերվում է ամերիկյան շահերից, դիվանագիտական կորպուսն ամայացավ: Եթե ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոյին Սենատը հաստատի պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնի փոխարեն, սխալների ուղղումը կդառնա նրա պարտականությունը:


Պոմպեոն պետք է սկսի արտասահմանում դեսպանների թափուր տեղերում թեկնածուներ առաջադրելուց (ներառյալ առանցքային երկրները` Եգիպտոսը, Հորդանանը, Հարավային Կորեան, Թուրքիան, ՀԱՀ-ը): Դա հնարավորություն կտա համագործակցելու այդ երկրների պաշտոնյաների հետ` ներդրումների զարգացման, ԱՄՆ քաղաքացիներին արտասահմանում պաշտպանելու և ահաբեկչության դեմ պայքարի համար: Աշխատանքներում պետք է ներգրավել նոր աշխատակիցների: Դիվանագիտական ծառայողների թիվը 2016- 2017-ին 1/3-ով կրճատվել է:


Պոմպեոյի շատ դիրքորոշումներ` նրա անհամաձայնությունը Իրանի միջուկային գործարքին, գլոբալ տաքացման վերաբերյալ սկեպսիսը, կտտանքներին ու Գուանտանամաոյի բանտը պահպանելու աջակցությունը, հակասում են ԱՄՆ-ի անվտանգությանը և նվազեցնում են արժեքավոր դաշնակիցներ ունենալու շանսերը: Բայց նրա կամային անհատականությունը պետք է միջազգային ասպարեզում ԱՄՆ-ին ավելի նկատելի դարձնի, քան Թիլերսոնի օրոք էր` ժամանակակից պատմության ամենապասիվ պետքարտուղարի: Նա արդեն կապեր է հաստատել Թրամփի շրջապատի գեներալների հետ և խելամիտ կլինի հաստատել իր դիրքորոշումը ամենակարևոր դիվանագիտական նախաձեռնություններում` դադարեցնել միջուկային դիմակայությունը Հյուսիսային Կորեայում ու սարսափելի պատերազմը Սիրիայում: Մենք պետք է դադարենք դիվանագիտությունը համարել բացառապես կառավարությունների միջև հարաբերություններ: Պոմպեոն պետք է աջակցի հարաբերություններին արհմիությունների, երիտասարդների, գործարար շրջանակների, հոգևորականների հետ արտասահմանում:


ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Դագ Համերշելդը ասել է, որ կազմակերպությունը «ստեղծվել է ոչ թե մեզ երկինք բարձրացնելու, այլ դժոխքից փրկելու համար»: Մեր մռայլ ժամանակներում դա արժանի նպատակ է ԱՄՆ-ի 70-րդ պետքարտուղարի համար:
Սամանթա ՓԱՈՒԵՐ, The New York Times


Հ.Գ. Բացի Սիրիայի պատերազմից, Իրանի միջուկային ծրագրից, Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններից` ԱՄՆ-ի պետքարտուղարի ու նախագահի օրակարգում հավերժական հարց կա` հարաբերությունները Ռուսաստանի հետ: Թեպետ Սպիտակ տան ներկայացուցիչ Ռաջ Շահն արդեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է` Ռուսաստանը մեղավոր է Սոլսբերիում հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և դստեր թունավորման հարցում. «Ես առաջ չեմ ընկնի, բայց կասեմ, որ ինչպես նախագահը երեկ հայտարարեց՝ ըստ երևույթին՝ Ռուսաստանն իսկապես դա արել է՝ հիմնվելով այն ապացույցների վրա, որ ունի Մեծ Բրիտանիան: Նախագահը երեկ վարչապետ Թերեզա Մեյին հեռախոսով ասել է, որ ԱՄՆ-ը 100 տոկոսով աջակցում է այդ հարցի առնչությամբ մեր դաշնակից Մեծ Բրիտանիային», բայց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի քննարկման ժամանակ շատ ավելի հիմնավոր փաստարկներ են պետք, քան դաշնակիցների հետ համերաշխությունը: Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ուլտիմատում ներկայացրեց Ռուսաստանին ու կոչ արեց մյուս երկրներին միանալ իր ուլտիմատումին: Մարտի 13-ին Մոսկվային խիստ քննադատած Էմանուել Մակրոնը կոչ է անում քննարկել իրավիճակը: Ֆրանսիան պատրաստ չէ աջակցել միջազգային քաղաքականության մեջ Ռուսաստանի նկատմամբ հաստատված «մեղավորության կանխավարկածի» սկզբունքին: Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի ցանկանում կապ ունենալ Բրիտանիայի վարչապետի «ֆենտեզիի քաղաքականությանը»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ մինչև հետաքննության ավարտը պետք է պահպանել ընկերական հարաբերությունները Ռուսաստանի իշխանությունների հետ: Զարմանալի չէ, որ Մերկելը աջակցում է Մակրոնին, ոչ թե Մեյին` գերմանաֆրանսիական դիվանագիտական ալյանսը գործում է ԵՄ-ի առաջին օրերից ու ամենաազդեցիկն է դիվանագիտական ուժերից: Ի՞նչ վերաբերմունք կունենան ԵՄ մյուս երկրները: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անհիմն է համարում Ռուսաստանին ներկայացված մեղադրանքները և պահանջում է գործել ՔԶԱԿ-ի կոնվենցիայի հիման վրա: Դեռ առաջադրված և Սենատում չհաստատված ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի համար Սկրիպալի գործը փորձաքար է լինելու` Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ հետագա քաղաքականության առնչությամբ:
Դա ընթացիկ քաղաքականությանն է վերաբերում, կա նաև պատժամիջոցների հարցը, որով վաղ թե ուշ Պոմպեոն պետք է ի պաշտոնե զբաղվի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ